ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Սկզբունքորեն բոլոր հեքիաթներն ավարտված են

Սկզբունքորեն բոլոր հեքիաթներն ավարտված են
23.11.2012 | 11:19

Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոնների լիգայի հինգերորդ տուրը խմբայինի ավարտականներից առաջ պարզելու քիչ բան թողեց: Այս պահի դրությամբ հաջորդ փուլ են դուրս եկել սպասված տասնվեցից տասներեքը, ինչը, սակայն, չի նշանակում, թե վեցերորդ տուրը հետաքրքրություն այլևս չի ներկայացնում:
Մահվան խմբի համարում ունեցող D-ի կողքին լիգայի խաղերին պակաս գրավչություն չհաղորդեց E-ում հանդես եկող «Շախտյոր», «Յուվենտուս», «Չելսի» եռյակը: ՈՒկրաինական ակումբի հաղթելը դանիականին, «ծեր սինյորայի» տված ուսուցողական դասը «Չելսիին» խմբում ստեղծեցին մի վիճակ, որտեղ կատարելապես հանգիստ կարող է զգալ միայն «Շախտյորը»: Արտագնա խաղում «Նորշելանդի» նկատմամբ 5:2 հաշվով տարած հաղթանակից հետո այլևս ոչ մեկը չի կարող խոչընդոտել play off-ում նրա հանդես գալուն: Ինչ վերաբերում է «Յուվենտուս»-«Չելսի» զույգին, նրանցից մեկը ստիպված է գործուղվել կարգով մեկ աստիճան ցածր Եվրոպայի լիգա: Ընդ որում` գործուղման այդ թերթիկը տվողը վերջին խաղում «Յուվեից» քննություն ընդունող ուկրաինական ակումբն է: Նկատենք, որ իտալացիներին Դոնեցկում բավարարում է և ոչ-ոքին, քանի որ սեփական հարկի տակ Չեմպիոների լիգայի գործող չեմպիոնի նկատմամբ 3:0 հաշվով երեքշաբթի տարած հաղթանակը աղյուսակում նրան տվել է երկու միավորի առավելություն: Ավելորդ չհամարենք տեղեկացնել, որ «Չելսիի» պարտությունը Ռոբերտո դի Մատեոյին արժեցավ պաշտոնազրկում:
F խմբում բոլոր հարցերի պատասխանները տրվել էին դեռևս նախորդ տուրում: Հետևաբար առաջատարների` «Բավարիայի» ու «Վալենսիայի» դիմակայությունը սկզբունքորեն այլ բան չէր որոշում, բացի ամբիցիաների գոհացումից: Թիմերը որոշեցին զուր տեղն արյուն չհեղել, միմյանցից բաժանվեցին մարտական ոչ-ոքիով (1:1): Խմբի երկրորդ խաղում ֆրանսիական «Լիլը» հյուրընկալվելիս փորձեց ապացուցել, որ, չնայած վերջին հորիզոնականում է գտնվում, այդուհանդերձ, կարգով ավելի բարձր ակումբ է բելառուսականից: Դա նրան հաջողվեց: Ֆրանսիացիները երկու անպատասխան գնդակ անցկացրին ԲԱՏԷ-ի դարպասը:
H խմբում «Մանչեստր Յունայթեդը» վաղօրոք էր լուծել play off դուրս գալու հարցը և «Գալաթասարայի» հետ ստամբուլյան խաղում իրեն հանգիստ կարող էր հանձնել խնայիչ ռեժիմի: Ճիշտ է, պարտությունը չէր մտնում Ալեքս Ֆերգյուսոնի ծրագրերի մեջ, բայց դե թուրք երկրպագուները դեռևս օդանավակայանից այնպիսի վայրագ ընդունելություն էին կազմակերպել, որ փորձառու մարզիչը երևի թե որոշել էր առանձնակի գլուխ չդնել խառնամբոխի հետ: Նվազագույն հաշվով տոնած հաղթանակը «Գալաթասարային» հնարավորություն տվեց միավորների պաշարը դարձնելու յոթ: Սակայն սեփական հարկի տակ «Բրագայի» նկատմամբ 3:1 հաշվով տարած հաղթանակից հետո նույնքան միավոր է վաստակել և «Կլուժը»: Այս խմբից play off դուրս եկող երկրորդ թիմի հարցը մնում է բաց: Պատասխանին սպասենք «Մանչեստր Յունայթեդ»-«Կլուժ», «Գալաթասարայ»-«Բրագա» հանդիպումներից հետո:
G խմբի «Սպարտակ»-«Բարսելոն» խաղից առաջ ռուսական կողմը գտած երկու բան ուներ: Առաջին` կատալոնյան ակումբ ու, մասնավորապես, Մեսի դիտելու հաճույք, երկրորդ` մարզադաշտում հանդիսատեսի առատություն: Սակայն ուրախանալու կողքին տխրելու պակաս առիթ էլ չկար: «Բարսելոնը» play off դուրս գալու հարցը նախորդ խաղում առկախել էր, ինչը նշանակում էր Մոսկվա ժամանել մարտական կազմով` «Սպարտակի» համար ալեբախությանը հանձնվելիք անլույս հեռանկարով: «Messi and company»-ը խաղը շահեց 3:0 հաշվով, իր հերթական երկու գոլը խփեց համաշխարհային ֆուտբոլի մեծագույն աստղը, Մոսկվան վայելեց ֆուտբոլային կախարդների հետ հանդիպման հաճույքը, ու սրանով էլ հանգան գոնե Եվրոպայի լիգայում հանդես գալու մոսկովյան թիմի հույսի վերջին շողերը: Խմբի երկրորդ` «Բենֆիկա»-«Սելթիկ» խաղում պորտուգալացիները 2:1 հաշվով հաղթեցին մրցակցին ու յոթ միավորով (նույնքան միավոր ունեն և կելտերը) դուրս եկան աղյուսակի երկրորդ հորիզոնական: Ինչպես և H խմբում, այստեղ էլ հաջորդ փուլ դուրս եկող երկրորդ ակումբի հարցը մնաց ավարտական խաղի հույսին:
D խմբում արտագնա խաղերում Դորտմունդի «Բորուսիայի» հաղթանակը «Այաքսի» նկատմամբ (4:1) ու Մադրիդի «Ռեալի» ոչ-ոքին «Մանչեստր Սիթիի» հետ (1:1) վերջնականապես փակեցին մահվան խմբի ինտրիգը: Հետաքրքրական է, որ «Բորուսիան» զարմանալիորեն հեշտ հաղթահարեց «Այաքսի» արգելքը, որը, թվում է, պիտի կռիվ տար play off դուրս գալու համար: Համենայն դեպս, հոլանդական ակումբի նախորդ խաղերը տրամադրել էին այդպիսի կարծիք կազմելուն, բայց դե նորից հղում պիտի կատարենք պարզ ճշմարտությանը, ինչը փաստում է ֆուտբոլի անկանխատեսելի լինելը: Ինչևէ, ինչ եղավ` եղավ: Սակայն հարկ համարենք ասելու, որ գերմանական ակումբը թողնում է մի թիմի տպավորություն, որն ունակ է հնարավոր առավելագույնին: Ինչ վերաբերում է «Մանչեստր Սիթիին», այն երկրորդ տարին անընդմեջ չի կարողանում ապացուցել հեղինակավոր այս մրցաշարին արժանի լինելն այն դեպքում, երբ ամեն ինչ ունի: Այստեղ պակաս հետաքրքրական չի ներկայանում հետևյալը` ակումբի տերերը կգնան Ռոման Աբրամովիչի ճանապարհով, թե Մանչինին, ի տարբերություն «Չելսիի» իր անվանակցի, դեռևս ունի վստահության քվե:
Շնորհիվ «Մոնպելիեի» նկատմամբ տոնած երկու հաղթանակի, B խմբում որոշակի լարվածություն էր մտցրել հունական «Օլիմպիակոսը»: «Շալկե-04»-ի հետ նրա հանդիպումը ցույց էր տալու` եղածն ընթա՞ցք է, թե՞ դրվագ: Սակայն գերմանական ակումբը, որը տանտիրոջ իրավունքով էր հանդես գալիս այդ դիմակայությունում, գտավ, որ իր առկայության պայմաններում հարցին պատասխան տվողն «Օլիմպիակոսը» չէ, որ լինելու է: Խաղն ավարտվեց 1:0 հաշվով: Հաջորդ փուլ տանող ճանապարհին խմբից «Շալկե-04»-ին ընկերակցեց «Արսենալը»: Հյուրընկալվելիս «Մոնպելիեն» «անատամ» եղավ նաև Արսեն Վենգերի թիմի հետ հանդիպումում (0:2):
A խմբում ֆրանսիական ՊՍԺ-ն արտագնա խաղում հաջողությամբ շրջանցեց ուկրաինական արգելքը` 2:0 հաշվով առավելության հասնելով Կիևի «Դինամոյի» նկատմամբ, թեպետ այդ երեք միավորը սկզբունքորեն նրան պետք չէր, որովհետև վաղօրոք էր լուծել հաջորդ փուլ դուրս գալու խնդիրը: Այդ նույն երեք միավորը հավասարապես պետք չէր նաև «Պորտուին» Զագրեբի «Դինամոյի» հետ խաղում (3:0), սակայն պարգևավճարի համար սահմանված գումարները, հասկանալի է, փոր չեն ծակի: Դեռևս մեկ հանդիպում առաջ հաջորդ փուլ դուրս գալու խնդիրները լուծած իսպանական «Մալագան» C խմբում ռուսական «Զենիթի» հետ խաղում Սանկտ Պետերբուրգում բավարարվեց ոչ-ոքիով (2:2): Խմբային մյուս` «Անդերլեխտ»-«Միլան» դիմակայությունում իտալական ակումբն արտագնա խաղում առավելության հասավ 3:1 հաշվով ու նվաճեց play off դուրս գալու ուղեգիրը:
Փաստորեն, Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի հանդիպումներից բաց մնաց երեք տեղի հարց, որը, հասկանալի տրամաբանությամբ, վիճարկելու են վեց թիմեր: Դրանք են` պորտուգալական «Բենֆիկան» ու շոտլանդական «Սելթիկը», թուրքական «Գալաթասարայն» ու ռումինական «Կլուժը», իտալական «Յուվենտուսն» ու անգլիական «Չելսին» իր նոր` Ռաֆա Բենիտես մարզչով: Ավելացնենք միայն, որ «Յուվեին» միանգամայն բավարարում է «Շախտյորի» հետ նաև ոչ-ոքի արդյունքը, մինչդեռ «Չելսին» պիտի հաղթի «Նորշելանդին» ու դեռ հուսա էլ, որ «Շախտյորը» ողորմած կլինի իր նկատմամբ ու կհաղթի իտալական ակումբին: Թե ճակատագիրն այս ակումբներից որ մեկի հանդեպ առավել բարեհաճ կգտնվի, կիմանանք դեկտեմբերի չորսին: Ինչ վերաբերում է խմբերում երրորդ տեղը գրաված կամ գրավելիք թիմերին, եկեք այդ թեմային անդրադառնանք ավարտական վեցերորդ տուրի հանդիպումներից հետո: Հավատացեք, այդ սպասումից ոչ հեղափոխությունը կտուժի, ոչ էլ Հայաստանում կանգ կառնի գների կատաղի մրցավազքը, որը երկրի բնակչությունը միամտորեն կապում է Ամանորի ծայր առնող շնչի հետ:

ՎԱՆ ԴԵՐ ԲՐՈՄ («Անդերլեխտի» գլխավոր մարզիչ). «Մենք պարտության արժանի չէինք: Ես խորապես հիասթափված եմ նրանից, որ բաց թողեցինք մեր հնարավորությունը: Գերազանց խաղացինք առաջին խաղակեսում ու ընդմիջման գնացինք լավ տրամադրությամբ: Սակայն երկրորդ խաղակեսի սկզբին գոլ բաց թողեցինք` առանց հսկողության թողնելու «Միլանի» հարձակվողին: Արդյունքում դատարկաձեռն մնացինք: Սակայն ես շատ եմ հպարտանում այն խաղով, որ ցույց տվեցինք Բրամ Նեյթինկի հեռացումից հետո, երբ մենք պարտվում էինք արդեն 2:0 հաշվով: Մենք ապացուցեցինք, որ արժանի հանդես եկանք Չեմպիոնների լիգայում: Մենք կարող ենք հավասարի իրավունքով պայքարել նման բարձր մակարդակում»:
ՌՈԿԵ ՍԱՆՏԱ ԿՐՈՒՍ («Մալագայի» հարձակվող). «Մենք լավ մեկնարկեցինք Չեմպիոնների լիգայում ու շարունակում ենք կերտել ակումբի պատմությունը` հաճույք ստանալով դրա ամեն րոպեից: Մենք դա ամբողջովին վաստակել ենք մեր խաղով, տքնաջան աշխատանքով, դրա համար էլ այնտեղ ենք, որտեղ գտնվում ենք: Այլ հանգամանքների դեպքում մենք կարող էինք հիասթափված լինել ոչ-ոքի արդյունքից, քանի որ փաստը, որ արդեն խաղի սկզբին կարողացանք խփել երկու գոլ, թույլ էր տալիս հարմարավետ զգալ մեզ ու խաղը կառուցել հակահարձակումների վրա: Մենք լուծեցինք մեր խնդիրը»:
ՅՈՒՐԳԵՆ ԿԼՈՊ (Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ). «Այսօր մենք կարողացանք խփել այն գոլերը, որոնք չէինք կարողանում խփել նախորդ մրցաշրջանում: Թիմը, տաղանդից զատ, պիտի ունենա և մարդասպանի բնազդ, որն էլ նրան հաղթելու հնարավորություն է տալիս: Մենք շատ երիտասարդ տղաներ ունենք, նրանք շատ աշխատեցին նման արդյունքի հասնելու համար: Ինձ մեր խաղը դուր եկավ այս հանդիպումում: Մասնավորապես` պահերի իրացումը»:
ՖՐԱՆԿ ԴԵ ԲՈՒՐ («Այաքսի» գլխավոր մարզիչ). «Ես կատաղած էի ընդմիջմանը: Երբ գերմանացիները տուգանային էին իրացնում, մենք պարզապես կանգնած ու քնած էինք դաշտում: Մենք պետք է ավելի լավ կազմակերպված լինեինք նման պահերին, որովհետև այս մակարդակում միշտ պատժված կլինենք այդպիսի գործողությունների համար: Ընդմիջումից հետո մենք կարողացանք ցույց տալ, որ ունակ ենք ավելիին, սակայն արդեն ուշ էր: Մենք չափից ավելի բաց թողեցինք: Դորտմունդցիներն այսպիսի լարված խաղերի ավելի մեծ փորձ ունեն: Նրանք պարզապես փայլուն օգտվեցին իրենց կարգից ու պահերից: Կարծում եմ` մենք գնդակին տիրել ենք խաղի մոտավորապես յոթանասուն տոկոսում, սակայն դա շատ դանդալոշ ենք արել: Կարծում եմ` մեր դարպասում եղած երեք գոլերից կարող էինք խուսափել: Սա ամենավատն էր այս խաղում»:
ՀԱԼԿ («Զենիթի» հարձակվող). «Դժվար խաղ էր: Մենք գիտեինք, որ «Մալագան» ուժեղ մրցակից է: Երկու սխալից հետո մենք երկու գոլ բաց թողեցինք, սակայն ավելի ուշ, երբ հակառակորդը թուլացրեց տեմպը, կարողացանք վերադառնալ մեր խաղին ու հասնել ոչ-ոքիի: Մենք պարզապես ի վիճակի չէինք երրորդ գոլը խփելու, որը մեզ հաղթանակ կբերեր»:
ՖԻԼԻՊ ՄԵԿՍԵՍ («Միլանի» պաշտպան). «Հուսով եմ` այս արդյունքը մեզ կօգնի: Հիմա բոլորը խորապես բավարարված են, քանի որ լուծված է մրցաշրջանի խնդիրներից մեկը, բայց, եթե անկեղծ լինենք, մենք դեռևս ոչինչ չենք արել` առջևում երկար ճանապարհ կա: Սակայն ինչ-որ բանի հասնելու համար մենք պետք է պահպանենք գործի նկատմամբ նման վերաբերմունքը»:
ՎԱՆ ԴԵՐ ՎԻԼ («ՊՍԺ»-ի պաշտպան). «Առաջին խաղակեսում վատ խաղացինք, սակայն երկրորդում ավելացրինք: Խմբում առաջին կամ երկրորդ տեղում լինելն այնքան էլ կարևոր չէ: ՈՒզում ենք ու կարող ենք հաղթել Չեմպիոնների լիգայում»:
ՕԼԵԳ ԲԼՈԽԻՆ (Կիևի «Դինամոյի» գլխավոր մարզիչ). «Թիմին ոչնչում մեղադրելու բան չկա: Այն պայքարում էր, խաղում էր, ուներ առավելություն, սակայն ուժեղ մրցակցի հետ խաղում նման սխալներ չի կարելի թույլ տալ: Մենք տասնյոթ հարված հասցրինք դարպասին, իսկ ՊՍԺ-ն` ընդամենը հինգ: Ժողովուրդը սուլում էր, որովհետև հոգնել է պարտություններից: Ես վաղուց հստակեցրել եմ, թե ինչ պիտի անել թիմի հետ, պարզապես հիվանդությունը շեղեց հունից: Առանձին ֆուտբոլիստներ մեծահոգի զիջողություն են անում` դաշտ դուրս գալով: Սպասվում են խոշոր փոփոխություններ: «Դինամոյի» նկատմամբ անտարբեր վերաբերմունքը չեմ հանդուրժի: Ամեն ինչ լավ կլինի»:
ՌՈԲԵՐՏՈ ՄԱՆՉԻՆԻ («Մանչեստր Սիթիի» գլխավոր մարզիչ). «Կարծում եմ, որ առաջին խաղակեսում «Ռեալը» մեզ գերազանցեց: Մենք դարպասը գրավելու մեկ-երկու հնարավորություն բաց թողեցինք, իսկ մադրիդցիներն օգտագործեցին իրենց առաջին իսկ գոլային պահը: Ընդմիջումից հետո մենք կորցնելու այլևս ոչինչ չունեինք, չէ՞ որ զիջում էինք հաշվի մեջ: Play off դուրս գալու հնարավորությունը մենք այսօ՛ր բաց չթողեցինք, այլ շատ ավելի վաղ` Մադրիդում, «Բորուսիայի» հետ տնային խաղում, ինչպես նաև «Այաքսի» հետ երկու մրցամարտում: Չափից ավելի էինք սխալվում: «Ռեալի» հետ առաջին խաղում հանդիպման եզրափակիչ սուլոցից հինգ րոպե առաջ հաղթում էինք 2:1 հաշվով: Ամստերդամում հաղթում էինք 1:0 ու մեկ անգամ չէ, որ կարող էինք սպանել ինտրիգը: Հուսով եմ` այս փորձը ապագայում մեզ կօգնի: Ես, ինչպես ակումբի մնացած անդամները, շատ եմ հիասթափված դուրս մնալուց: Մենք ամենասկզբից էլ գիտեինք, որ բարդ խումբ ենք ընկել: Սակայն ամեն ինչ որոշեցին մեր սխալները, որոնք Չեմպիոնների լիգայում չեն ներվում: Մենք լավ թիմ ունենք, իսկ «Ռեալին» ու «Բորուսիային» պարտվելը պարսավելի չէ: Այսպիսին է ֆուտբոլը, թեպետ մենք շատ էինք ուզում դուրս գալ մեկ ութերորդ եզրափակիչ»:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2755

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ